Տասնյակ միջազգային ընկերություններ պատրաստվում են հաստատվել ԱՄԷ-ում՝ համաշխարհային տեխնոլոգիական կենտրոնի կարգավիճակը ամրապնդելու երկրի լուրջ ջանքերի ֆոնին: Արտաքին առեւտրի պետնախարար Թանի Ալ-Զայուդին հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ մոտ 40 ընկերություններ կհայտարարեն Էմիրություններ իրենց տեղափոխման մասին, գրում է The National News-ը։

Գործարար հորիզոններն ընդլայնելու հավակնոտ ջանքերը NextGenFDI նախաձեռնության մի մասն են, որի նպատակը ամբողջ աշխարհից առաջադեմ տեխնոլոգիական ընկերություններին ներգրավելն է՝ մի շարք խթանների միջոցով: Դրանց թվում են՝ լիցենզավորման եւ ֆինանսավորման պարզեցումը, ոսկե վիզաների տրամադրումը, կոմերցիոն եւ բնակելի տարածքների վարձակալման արտոնությունները, տեղափոխման համար ցուցումները, ամպային ենթակառուցվածքը եւ ընտանիքների համար մատչելի կրթությունը:

Ալ Զեյուդին The National-ին պատմել է ծրագրի մասին Էկոնոմիկայի նախարարության վիրտուալ NextGen Talent ֆորումի նախաշեմին, որտեղ Google-ի, Amazon-ի եւ Meta-ի նման ընկերությունների ներկայացուցիչները ելույթ կունենան երկրի երիտասարդության առջեւ:

Ընկերություններից մի քանիսը կենտրոնացած են ռոբոտաշինության վրա, ինչը, Ալ-Զեյուդիի կարծիքով, «կբարելավի արդյունավետությունը եւ հսկողության ու մոնիտորինգի բազմաթիվ ոլորտները երկրում»:

Մեկ այլ կազմակերպություն, որը տեղափոխվել է ԱՄԷ, զբաղվում է լաբորատորիայում աճեցրած կաթի արտադրությամբ։ «Սա կփոխի խաղի կանոնները երկրի պարենային անվտանգության ոլորտում, եւ մենք կդառնանք կաթի զուտ արտահանող այն բանից հետո, երբ նրանք իրենց գործունեությունը լիովին կարգավորեն»,- ասել է նախարարը։