Ամերիկյան ընտրողները նախընտրում են հանրապետականներին։ Այս մասին են վկայում The Wall Street Journal-ի՝ Impact Research-ի եւ Fabrizio Lee-ի հետ անցկացրած համատեղ հարցման արդյունքները։

Պարբերականի տվյալներով, եթե ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններն անցկացվեին հարցման օրը, ապա ամերիկացիների 46 տոկոսը կքվեարկեր հանրապետականների օգտին, 44 տոկոսը՝ դեմոկրատների։ Ամերիկացիների 9 տոկոսը ընտրությունների հարցում դեռ չի կողմնորոշվել։

Ընդ որում՝ ԱՄՆ բնակիչների 71 տոկոսը համոզված է, որ իրենց երկիրը շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ, 20 տոկոսն աջակցում է գործող իշխանությանը։ Հարցվածների 2 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին, 64 տոկոսը գալիք ընտրություններն անվանել է ավելի կարեւոր նախորդ շատ ընտրություններից։