Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը Երեւանում տեղի է ունեցել է ՀՀ կենտրոնական բանկի եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպած «Կոնսոլիդացված վերահսկողություն եւ ռիսկերի ինտեգրում» թեմայով տարածաշրջանային սեմինարը:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեմինարին մասնակցել են Ռուսաստանի, Լիտվայի, Չեխիայի, Լիբանանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի եւ Հայաստանի կենտրոնական բանկերի վերահսկողության ոլորտի շուրջ 30 մասնագետներ:
Սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Ռոբերտ Ուոքերը, Սթիվ Սանդերֆորդը եւ Անիթա Ֆիմսթերը ներկայացրել են կորպորատիվ կառավարման եւ ռիսկերի վերահսկման գործառույթներին, ռիսկերի զատորոշման եւ դրանց մասին տեղեկացման մեխանիզմներին, կազմակերպություններում ռիսկերի գնահատման համակարգի կառուցման, կոնսոլիդացված կերպով կազմակերպության գնահատմանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության եւ կարգավորման ավագ վերահսկող-ֆինանսական վերլուծաբան Ռոբերտ Ուոքերն իր խոսքում նշել է, որ համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները հրամայական են դարձնում կազմակերպություններում ռիսկերի գնահատման եւ վերահսկման հնարավորինս ընդգրկուն մեխանիզմների ստեղծումը: Այս առումով կարեւորվում է ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներում ռիսկերի առաջացման ու կանխարգելման գործիքների մշակումը եւ գործարկումը:
ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը նշել է, որ ֆինանսական կայունության տեսանկյունից կարեւոր է ֆինանսական համակարգի ռիսկերի գնահատումը: Այդ առումով նման սեմինարի անցկացումը Հայաստանում զգալի ներուժ է ստեղծում ապագա ֆինանսական ճգնաժամերին դիմակայելու համար:
ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն ասել է, որ միջազգային ճգնաժամը ցույց տվեց, որ ռիսկերի կառավարումն արդիական է ցանկացած ` հատկապես, ֆինանսական կազմակերպության համար, միեւնույն ժամանակ առավել կարեւոր է ֆինանսական կազմակերպությունում ռիսկերի վրա հիմնված վերահսկողության իրականացումը:



























