Ջո Բայդենի վարչակազմը զգուշացնում է Գերմանիային եւ եվրոպական այլ երկրներին, որ թույլ չտան Չինաստանին վերահսկել ռազմավարական ոլորտների ընկերությունները, ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ որպես հաջող արդյունք մատնանշելով Համբուրգի նավահանգստում չինական ընկերության բաժնետոմսերի կրճատման վերջին քայլը, գրում է Bloomberg-ը:
Գերմանիան թույլատրել է չինական պետական Cosco Shipping Holdings Co. ընկերությանը գնել Համբուրգի նավահանգստային տերմինալներից մեկի բաժնետոմսերի 24,9 տոկոսը: Սա Գերմանիայում արգելափակող փոքրամասնություն համարվող շեմից քիչ ցածր է: Կանցլեր Օլաֆ Շոլցը սկզբում համաձայն է եղել 35 տոկոսի վաճառքին։
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Բայդենի վարչակազմը, ինչպես եւ նախկինում Թրամփի վարչակազմը, աշխատում է եվրոպացի առաջնորդների հետ՝ ուսումնասիրելու ներդրումները ռազմավարական ոլորտներում, որոնց վրա Չինաստանի նման «ավտոկրատ ուժերը» վերահսկողություն չեն հաստատել:
Շոլցը Չինաստան պետք է ժամանի ուրբաթ օրը՝ պատվիրակության հետ, որի կազմում ընդգրկված է Volkswagen AG-ի գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումը: ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են, որ Գերմանիայի առաջնորդը չափազանց սերտորեն է կապում իր երկրի տնտեսությունը Չինաստանի հետ՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է հանգեցնել նույն կախվածությանը, որը Ռուսաստանը փորձում էր օգտագործել բնական գազի համար:





























