Երբ Նոյեմբերյանի մերձակա Հաղթանակ գյուղում օրերս Դեբեդ գետի վրա կառուցված պատվարի ու պոմպակայանի հանդիսավոր բացումն էր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի հարց ուղղեց ամբիոնի մոտ կանգնած ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին. «Իսկ ինչո՞ւ են գյուղացիները դժգոհում, թե ոռոգման ջրի վարձը թանկ է»:

Ա. Անդրեասյանը պատասխանեց, որ պետությունը սուբսիդավորում է ջրի վարձը, այդ նպատակով պետական բյուջեից հատկացվում է տարեկան 310 մլն դրամ, այնինչ գյուղացիներից հավաքում են ընդամենը 50 մլն դրամ: Ծախսերի հիմնական մասը, ըստ Ա. Անդրեասյանի, բաժին է ընկնում էլեկտրաէներգիային:

Նշենք, որ 1 խմ ոռոգման ջուրը գյուղացիներին վաճառվում է 11 դրամով: Ինչպես NEWS.am-ին բացատրեց ջրային տնտեսության մասնագետներից մեկը, ջրի մատակարարման իրական ինքնարժեքը 35 դրամ է: Սա միջինացված թիվ է, ներառում է եւ ինքնահոս, եւ պոմպերով մղվող ջրի ծախսը:

Սովորաբար` 1 հա-ի վրա գյուղացին ոռոգման նպատակներով օգտագործում է 3-6 հազ. խոր. մետր ջուր` 1 սեզոնի ընթացքում, կախված կուլտուրայից, հողամասի տեղադրությունից, եղանակային պայմաններից եւ այլն:

Այսինքն` 1 հա մշակելու համար հարկավոր է ծախսել մոտ 30-70 հազ. դրամ միայն ջրի համար: Շատ է՞ սա, թե՞ քիչ:

Նորմալ բերքատվության դեպքում, ագրոտեխնիկական պայմանները պահպանելու պայմանով այգեգործությամբ եւ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող գյուղացին կարող է հավակնել 1 հա-ից ստանալ 4-10 հազ. դոլար եկամուտ: Հացահատիկային կուլտուրաները համեմատաբար պակաս եկամտաբեր են, սակայն նաեւ քիչ են ջուր պահանջում, կամ ընդհանրապես չեն ոռոգվում:

Բոլոր դեպքերում` 100-200 դոլար ջրի վարձը բնավ էլ էական չէ, ու չի կարող դիտարկվել որպես գյուղատնտեսությանը խոչընդոտող գործոն:

Սակայն մի շարք հարցեր, այնուամենայնիվ, առկա են: Նախ, գյուղացիները ենթակա են բնակլիմայական ռիսկերին, ուստի անբերրիության շրջանում ոռոգման ջրի համար վճարելը իրոք դառնում է խնդրահարույց:  Երկրորդ, նորատունկ այգիները արդյունաբերական օգտագործման փուլ են մտնում միայն 6-7 տարի հետո, իսկ այդ ժամանակահատվածում հարկավոր է նորմալ ոռոգել: Եւ վերջապես` երրորդ, մեծ նշանակություն ունի` ոռոգման վարձը սեզոնի ընթացքում է գանձվո՞ւմ, թե՞ բերքի իրացումից հետո:

Այս խնդիրները հանրապետության տարբեր մարզերում, կամ նույնիսկ համայնքներում տարբեր կերպ են լուծվում:  Որոշ դեպքերում տեղական իշխանությունները եւ ջուր մատակարարող կազմակերպությունը զիջումների են գնում, որոշ դեպքերում` ոչ:

Նշենք նաեւ, որ ոռոգման ջրի համակարգում էլեկտրաէներգիայի անչափ բարձր ծախսը վատ պլանավորման հետեւանք է: Լեռնային գետերի ջուրը հավաքվում է հարթավայրային ջրամբարներում, այնուհետ պոմպերով մղվում լեռներ: Համեմատաբար քիչ է զարգացած ինքնահոս մատակարարման համակարգը: Այս անոմալիան ձեւավորվել է խորհրդային տարիներին, երբ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը ցածր էր: Ներկայում այն շատ լուրջ խնդիրներ է հարուցում, սակայն ջրի ինքնահոս համակարգի զարգացումը հսկայական ներդրումներ է պահանջում:

Սամվել Ավագյան