Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ներողություն է խնդրել Սեուլի կենտրոնում տեղի ունեցած հրմշտոցի համար, ինչի հետեւանքով զոհվել է մոտ 156 մարդ, տեղեկացրել է Yonhap գործակալությունը։

«Ներողություն եմ խնդրում զոհվածների ընտանիքներին, որոնք աննկարագրելի ողբերգություն են ապրում, եւ երկրին, որը կիսում է այդ ցավն ու վիշտը»,- ասել է պետության ղեկավարը։

Նա նշել է, որ երկրին անհրաժեշտ են մեծ փոփոխություններ անվտանգության ոլորտում։

Բացի այդ, նա խոստացել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ դատավարությունը բաց կլինի հանրության համար։

Հոկտեմբերի 29-ի երեկոյան Հելոուինի տոնակատարության ժամանակ Սեուլի Իթհեւոն շրջանում, Hamilton հյուրանոցից ոչ հեռու գտնվող նրբանցքներից մեկում, մարդկանց մեծ կուտակման պատճառով, տեղի է ունեցել Հարավային Կորեայի պատմության մեջ ամենամեծ հրմշտոցը։

Զոհվել է առնվազն 156 հոգի, նրանց մեջ՝ 26 օտարերկրացի։