Գործող վարչակազմն իշխանության եկել է ռազմական հեղաշրջման արդյունքում։ Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն՝ անդրադառնալով 2008-ի նախագահական ընտրություններին հետեւած մարտիմեկյան դեպքերին։
«Իշխանությունը, փաստորեն, Սահմանադրությունը խախտելով, զորք մտցրեց մայրաքաղաք։ Ընդդիմությունը ստացել էր ժողովրդի քվեն եւ պետք է իշխանության գար։ Սակայն 3 ժամում 600 լցոնումներ արվեցին, ընդդիմության վստահված անձինք առեւանգվեցին, Երեւան հրասայլեր մտցվեցին եւ 10 մարդ սպանվեց»,- հիշեցրեց Եղիազարյանը՝ ավելացնելով, որ մարտի 1-ի դեպքերի մասին պետք է խոսել այնքան ժամանակ, քանի դեռ մեղավորները չեն մտել դատարան եւ նրանց հանդեպ դատավճիռ չի կայացվել։ «Իշխանությունների քվեների բացակայության պայմաններն էին, որ ստիպեց մայրաքաղաք զորք մտցնել, Երեւանի կենտրոնում այդքան մարդու արյուն թափել»,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարին նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը շուրջօրյա ցույցեր էր կազմակերպում: Մարտի 1-ին իշխանությունը հրազեն կիրառեց ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով զոհվեց 10 մարդ: 20 օրով արտակարգ դրություն հաստատվեց, ձերբակալվեցին հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ:



























