Հարավային Կովկասի տարածաշրջանում չի կարելի ունենալ այնպիսի բանակ, ինչպիսին հայկական բանակն է։ Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Լեռնային Ղարբաղի «Եղնիկներ» զորամասում Աղասի Աբրահամյանի մահվան հայտնի միջադեպին։
«Մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առջեւ եւ պատասխան տան։ Անիծված է այն ծնողը, ում զավակը տմարդի սպանվում է իր հայրենակցի ձեռքով»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ բանակում պատահած բոլոր միջադեպերի «առաջին եւ վերջին պատասխանատուն Պնախարարն է, ով այդպես էլ մեր բանակը խելքի չբերեց։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Գեղամի Աբրահամյանը, որտեղ մեկ ժամ անց մահացել էր: Նախապես հաղորդվել էր, թե նա թունավորվել է, իսկ բուժկետում ընկել է մահճակալից եւ մահացել, թեեւ նրա վրա առկա էին բռնության ակնհայտ հետքեր: Զինվորի մահը մեծ հակազդեցություն էր առաջացրել հանրության շրջանում: Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել են մեկ սպա եւ մեկ ժամկետային զինծառայող:
Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան գործով այսօր` սեպտեմբերի 3-ին կալանավորվել է օրերս ձերբակլված սպան, որի անունը չի հաղորդվում: Մյուս ձերբակալվածի` բժշկի մասով դեռ նորություն չկա, քանի որ նրա ձերբակալման 72 ժամը դեռ չի լրացել:



























