Գեղարքունիքի մարզի, Դրախտիկ գյուղի` Սեւանա լճի Դրախտիկ լողափից ռետինե նավակը, որտեղ նստած է եղել  մի աղջիկ (անձը չի պարզվել), սեպտեմբերի 3-ին, քամու հետեւանքով քշվել է բաց լիճ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրան օգնություն ցուցաբերելու նպատակով լողալով նավակի հետեւից է գնացել մի երիտասարդ եւ նրանց ափ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 18.40-ին լիճ է դուրս եկել 1 ջրափրկարար եւ ջրասուզական խմբի հրամանատար  Ա.Ճզմաչյանը «ԿԱԶԱՆԿԱ-5Մ» տիպի մոտորանավակով: Ժամը 18.48-ին լիճ է դուրս եկել նաեւ «ՊՄ-376» տիպի նավը:

Մինչ ջրափրկարարների կողմից իրականացվում էին որոնողական աշխատանքներ, Դրախտիկ լողափից օգնության էր մեկնել մի քաղաքացի իր սեփական սկուտերով, որի օգնությամբ ժամը 19.10-ին անվնաս ափ են դուրս բերվել տղան եւ աղջիկը: