WikiLeaks կայքը հրապարակել է 2005թ. փետրվարի 18-ի հեռագիրը, որում Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին ներկայացնում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան:

Այցի ընթացքում Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Լավրովի խոսքով, Մոսկվան արգելափակելու է Ադրբեջանի ցանկացած փորձ` հակամարտության կարգավորումն այլ ասպարեզ տեղափոխելու ուղղությամբ:

Լավրովը նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ է արել սահմանափակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ արեւմտյան ռազմական կառույցների հետ, Հայաստանում պետք է հիշեն, որ Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունները զբաղեցնում են իր անվտանգության կենտրոնական տեղը:

Իր հերթին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները չեն սպառնում Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին: