Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հիմնադրման 20-ամյակը կնշվի ընկերական-մտերմիկ շրջապատում. նոր ցուցադրություններ եւ այլ կարգի միջոցառումներ չեն լինի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

«Ընկերներով, թանգարանի մտերիմներով կհավաքվենք սեպտեմբերի 30-ին։ Կխոսենք թանգարանի մեր 20-ամյա գործունեության մասին։ Հյուրեր եւս կլինեն՝ Մոսկվայից, Թբիլիսիից։ Նախատեսում ենք հրավիրել ռեժիսոր Ռոման Բալայանին, Փարաջանովի հետ աշխատած, սակայն  նրանից երկու ամիս շուտ մահացած եւ վարպետի փառքը չտեսած օպերատոր Սուրեն Շահբազյանի դստերը, ում Փարաջանովը շատ էր սիրում։ Ուզում էինք հրավիրել նաեւ Սերգեյ Փարաջանովի այրիին՝ Սվետային, սակայն նա ասաց, որ շատ վատ է, չի կարող գալ։ Հարազատներից հավանաբար կլինի միայն վարպետի քրոջ որդին՝ Գարիկ Փարաջանովը»,- ասաց Զավեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ հոբելյանի կապակցությամբ հյուրասիրություն եւս կլինի, եւ հյուրերին կտանեն Սանահին ու Հաղպատ։

Նշենք, որ Սերգեյ Փարաջանովի 87-ամյակը եւս նրա անվան տուն-թանգարանում այս տարի նշել էին նրա ամենամտերիմ ընկերները՝ մոտ 20-25 արվեստագետներ։

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թ հունվարի 9-ին։ 1952 թ. ավարտել է Կինեմոտոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը՝ ուսանելով Ալեքսանդր Դովժենկոյին եւ Միխայիլ Ռոմին։ Նրա՝ «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերը», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ ղարիբը» բազմիցս արժանացել են միջազգային փառատոնների հեղինակավոր մրցանակների եւ դասվում են համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների շարքը։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990 թվականի հուլիսին: