Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի տվյալներով, 2005 թվականից մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 1-ը հայկական Զինված ուժերում գրանցվել է սպանության 306 դեպք։ Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«2007-ից 2011-ը ներառյալ, 228 մահացության դեպքերից զինադադարի ռեժիմի խախտման հետեւանքով եղել է ընդամենը 32-ը։ Ստացվում է՝ բանակում ծառայելն ավելի վտանգավոր է, քան պոստերում կամ դիրքերում գտնվելը»,- ասաց իրավապաշտպանը։
Նա միաժամանակ տարակուսանք հայտնեց, թե ինչու Պնախարարությունը օպերատիվություն եւ առանձնակի ուշադրություն է դարձնում հատկապես վերջերս ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած դեպքին (Աղասի Աբրահամյան մահվան փաստով) եւ անտեսում է միչն այս պատահած մնացած բոլոր միջադեպերը։
«Այն, ինչ կատարվում է Զինված ուժերում, մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Պնախարարությունը չի տիրապետում բանակում տիրող իրավիճակին»,- ամփոփեց Սաքունցը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Գեղամի Աբրահամյանը, որտեղ մեկ ժամ անց մահացել էր: Զինվորի մահը մեծ հակազդեցություն էր առաջացրել հանրության շրջանում:
Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան գործով սեպտեմբերի 3-ին կալանավորվել է օրերս ձերբակալված սպան, ում անունը չի հաղորդվում: Նրան մեղադրանք է առաջադրվել Իշխանազանցություն» հոդվածով: Սեպտեմբերի 5-ին կալանավորվել է նաեւ մեկ զինծառայող` զինվորական կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքով: Դեռեւես որեւէ մեկը ձերբակալված կամ կալանավորված չէ «սպանություն» հոդվածով, թեեւ զինվորին դաժանաբար սպանել են:



























