Հայկական Զինված ուժերում կատարված սպանությունները Պնախարարության կողմից որպես ինքնասպանություն ներկայացնելու փաստը միտում է դառնում։ Սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» Հ/Կ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը:

«Սպանությունների փաստով բոլոր գործերը դատարաններ հասնում են ինքնասպանության հասցնելու մասին հոդվածով։ Սա, իհարկե, պատասխանատվությունից խուսափելու մի ձեւ է։ Նման ձեւով Պնախարարությունը որդիների սպանության փաստն ամբողջությամբ դնում է ծնողների վրա՝ այս կերպ խուսափելով նաեւ զոհվածների ընտանիքներին արժանի փոխհատուցում տրամադրելուց»,- նկատեց նա:

Ասուլիսին ներկա «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» Հ/Կ-ի ղեկվար Լեւոն Բարսեղյանը եւս իր հերթին ընդգծեց, որՊնախարարությունը սպանված զինծառայողների հարազատներին պատշաճ եւ արժանապատիվ փոխհատուցում պետք է հատկացնի։ «Ոչ մի ծնող պարտավոր չէ գերեզման պատրաստել իր այն զավակի համար, ում սպանել է հայկական բանակը»,- համոզմունք հայտնեց նա։

Ամփոփելով՝ Ժաննա Ալեքսանյանն անդրադարձավ բանակում նկատվող մեկ այլ միտումի եւս։ Նրա խոսքով, «ինքնասպանություն գործած» տղաների մոտից, չգիտես ինչպես, մշտապես ինչ-որ գրություններ են հայտնաբերվում։ «Այդ գրությունները հաճախ սիրած աղջիկների անուններով են, հաճախ այլ հարազատների։ Նայած, թե ՊՆ երեւակայությունը որքան հեռու է գնում»,- նկատեց Ալեքսանյանը։