Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը սահմռկեցուցիչ է որակում բանակում խելագարության հասցված եւ ներկայումս հոգեբուժարանում գտնվող զինծառայող Հովհաննես Վարդանյանի դեպքը։ Այս մասին նա հայտարարեց սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Զինվորը հոգեբուժարանում է, իսկ Պնախարարության կողմից՝ ոչ մի արձագանք։ Սա սարսափելի է։ Փաստորեն, այսքան ժամանակ ծածկադմփոց է տեղի ունեցել»,- նկատեց Իշխանյանը՝ հավելելով, որ YouTube-ում տարածված համապատասխան տեսանյութում տղան նույնիսկ «բերանից թռցնում է», որ սպաները ցանկացել են բռնաբարել իրեն։
Իրավապաշտպանն ընդգծեց, որ Զինված ուժերում նման սարսափելի դեպքերի պատճառ հանդիսանում է անպատժելիության մթնոլորտը։
Ասուլիսին ներկա, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանն իր հերթին ավելացրեց, որ հայկական բանակը բարոյահոգաբանական ճգնաժամի մեջ է, եւ վիճակը շտկելու առումով անելիքներ ունեն բոլոր երեք՝ օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինները։ «Մեզ բոլորիս պետք է մտահոգի այն փաստը, որ 90-ականներից հետո բանակում առեղծվածային պայմաններում զինվորներ են զոհվում։ Մենք կոչ ենք անում իշխանություններին վեր հանել եւ քննության առարկա դարձնել 94-ից առ այսօր բանակում գրանցված մահվան բոլոր դեպքերը, մինչդեռ ՊՆ-ն գաղտնիության պայմաններում է աշխատում»,- նկատեց նա։
Նշենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտին ներկայացված զեկույցում Պնախարարությունը նշել էր, որ 2010 թվականի ընթացքում բանակում զոհվել է 54 զինծառայող։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության, Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Վարդան Վարդանյանի հետ բանակում սարսափելի դեպք է կատարվել: Պարզվել է, որ օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում, որի պատճառը ծեծն է:



























