Հոկտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի եւ Քուվեյթի ԱԳ նախարարի տեղակալ Խալեդ Ջարալլահի միջեւ Քուվեյթի ԱԳՆ-ում կայացած հանդիպմամբ մեկնարկել է հայ-քուվեյթյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։
Կողմերը քննարկել են առաջիկայում Քուվեյթ Հայաստանի նախագահի այցի նախապատրաստական աշխատանքները, ստորագրվելիք փաստաթղթերի կատարման ընթացքն ու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ խորացման առումով երկուստեք կարեւորվել է տնտեսական բնույթի համաձայնագրերի ստորագրումը։
Արման Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքականությունը հարեւան երկրների նկատմամբ, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլն ու արցախյան հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, նաեւ` տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Քուվեյթյան կողմը բարձր է գնահատել հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը։
Քուվեյթի ԱԳ նախարարի տեղակալն իր հերթին անդրադարձել է հարեւան երկրների, մասնավորապես` Իրանի, Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության խնդիրներին, լուսաբանել Քուվեյթի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններն ու Ծոցի համագործակցության խորհրդի շրջանակներում վարվող քաղաքականությունը։




























