Հոկտեմբերի 1-ից երեւանյան շուրջ 50 դպրոցների ծնողներ հնարավորություն կունենան անվճար հետեւել իրենց երեխայի գնահատականներին, հաճախելիությանը, վարքի վերաբերյալ տեղեկատվությանը եւ այլն:

Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Dasaran.am կայքի  համահիմնադիր Սուրեն Ալոյանը: Վերոնշյալ հնարավորությունն անվճար է դարձել վերջերս Հայաստանի կառավարության, ի դեմս Կրթության եւ գիտության նախարարության եւ Վիվասել ՄՏՍ-ի հետ կնքված համագործակցության հուշագրի արդյունքում: Նշենք, որ ծրագրի նախնական փուլում նախատեսվում էր, որ իրենց երեխայի վերաբերյալ հետաքրքրող վերոնշյալ տեղեկատվության ստացման համար ծնողները պետք է որոշակի գումար վճարեին:

Ս. Ալոյանի խոսքով` ծրագրի գործարկման պարագայում աշակերտներն այլեւս չեն կարող ծնողից թաքցնել իրենց բացակայությունները կամ գնահատականները, քանի որ  ուսուցիչը վարելու է էլեկտրոնային մատյանը ու այնտեղ անմիջապես ավելացնելու է համապատասխան տեղեկատվությունը: Իսկ ծնողները համապատասխան գաղտնաբառի շնորհիվ հնարավորոթյուն կունենան տեսնել իրենց երեխայի վերաբերյալ հետաքրքրող տեղեկատվությունը:

Ըստ Ս. Ալոյանի`ծրագրին միանալու համար որոշ դպրոցների ուսուցիչներ արդեն հատուկ վերապատրաստման դասընթացներ են անցել, իսկ որոշ դպրոցների ուսուցիչների համար դասընթացները դեռեւս կշարունակվեն:

«Ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով, սկզբում այն կներառի 50 դպրոց, իսկ այնուհետեւ դպրոցների թիվը կավելանա: Մեկ տարվա ընթացքում նախատեսված է ծրագրում ընդգրկել Երեւանում գործող բոլոր դպրոցները, իսկ այնուհետեւ ծրագիրը իրականացնել նաեւ Հայաստանի մարզերում»,-ասաց Ա. Ալոյանը:

Նշենք, որ Dasaran.am կրթական ծրագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Կայքը կարող է գրավիչ լինել ոչ միայն ծնողների, այլեւ աշակերտների եւ ուսուցիչների համար, քանի որ այնտեղ կլինի անվճար էլեկտրոնային գրականություն, ինտելեկտուալ խաղեր, անվճար հոգեբանի անկյուն եւ այլն, որոնք կարող են նպաստել որակյալ կրթական միջավայրի ստեղծմանը: