Ինտերնետային կայք ունի ընդամենը 250 դպրոց, դրանք սակայն տեխնիկապես եւ ծրագրային լուծումներով հին են: Դպրոցների կայքերի ընդամենը 20-30 տոկոսն է թարմացվում: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի(ԿՏԱԿ) տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը:

Նրա խոսքով` 250-ը բավականին փոքր թիվ է, եթե հաշվի առնենք, որ  Հայաստանում դպրոցների ինտերնետային ցանցին ներկայումս միացած են 944 դպրոցներ:

«Կայք ունեցող դպրոցների թիվը չի անցնում Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին միացած դպրոցների անգամ 1,3-րդը:»,-ասաց Մ. Ավետիսյանը: Ըստ նրա` դպրոցների կայքերի ստեղծման գործընթացը շատ դանդաղ է ընթանում:

«Մեր կենտրոնը աջակցում է դպրոցներին կայքերի տեղակայման (հոսթինգ) գործում եւ նաեւ անվճար սպասարկում իրականացնում: Ինչ վերաբերում է դպրոցների կայքերի ստեղծմանը, ապա կենտրոնի ծրագրով այն նախատեսված չէ, այլ միայն բարի ցանկություն է»,-ասաց Մ. Ավետիսյանը: