«Հարավկովկասյան երկաթուղին» չի փոխհատուցելու Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի ուղեւորներին, որոնց ուղերթը հուլիսին Վրաստանում երկաթուղու վթարի պատճառով հետաձգվել էր եւ նրանք հայտնվել էին անմարդկային պայմաններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի ուղեւոր,  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը: Ուղեւորների նամակին «Հարավկովկասյան երկաթուղուց» հայտնել են,

թե իրենք ամբողջ գնացքին ապահովել են սննդով, մինչդեռ Լիանա Դոյդոյանի խոսքով` իրենց վագոնում ոչ մեկին ոչ մի բան չեն տվել եւ իրենք էին ստիպված գնալ Թիբիլիսի սնունդ գնել, բժիշկ գտնել եւ այլն: Նրա խոսքով` ուրիշ վագոնում մի քանի վագոնի երեխաների մի քանի պաղպաղակ, հյութ եւ բրդուճ են տվել:

Ի դեպ, ՀԿԵ-ին ուղղված իրենց հարցման մեջ ուղեւորները նշել էին, թե եթե տրամադրել եք սնունդ, ապա նշեք գումարի չափը, մինչդեռ երկաթուղուց ոչ մի թիվ չեն նշել: «Հարավկովկասյան երկաթուղուց» հայտնել են նաեւ, որ փոխհատուցելու են այն գնացքի ուղեւորներին, որը Երեւանից մեկնում էր Թբիլիսի, այն էլ այն դեպքում` եթե նրանք ներկայացնեն դիմում եւ հիմնավոր ապացույցներ: Փոխհատուցման պահանջով ուղեւորները, հավանաբար, չեն դիմի դատարան, քանի որ իրավական հիմքերը թույլ չեն տալիս. «Մեզանում բացակայում է բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը, իսկ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ պետք է ապացույցներ գտնել, իսկ այդպիսիք չունենք:

Այդպիսիք կլինեին, եթե օրինակ, Թբիլիսիում, որ վազել ենք մեր երեխաների համար սնունդ ենք առել, կտրոններ վերցրած լինեինք, եթե բժշկի դիմելիս թուղթ վերցնեինք, դրանք կլինեին ապացույցներ»,- ասաց Լիանան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր այս խնդրին, մասավորապես` մեր խմբագրություն ահազանգած Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի ուղեւոր Լիանա Դոյդոյանը պատմել էր, թե ինչպիսի անմարդկային պայմաններում են հայտնվել եւ նշել, որ ստորագրահավաք են սկսել եւ պատրաստվում են դիմել դատարան` նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: