Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լուրջ բարդույթներ ունի լրագրողների հետ շփվելիս: Այս անգամ պատճառը Կապանում բացվելիք ռուսական գիմնազիայի մասին հարցն էր:
NEWS.am-ի թղթակցի հարցը՝ գործո՞ւմ է արդյոք Կապանի ռուսական հանրակրթական գիմնազիան, (որն, ըստ նախնական տեղեկությունների պետք է սկսեր աշխատել Հայաստանում ՌԴ դեսպանի եւ Սյունիքի մարզպետարանի միջեւ հուլիսին ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրությամբ եւ որի աշխատանքները պետք է մեկնարկեին այս տարվա սեպտեմբերի 1-ից) վրդովեցրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, ով հարցը լսելուն պես ասաց. «Կարո՞ղ ա պարապ ես։ Դե հարյուր անգամ ասեցինք՝ էդպիսի բան չկա»։ Երբ նշեցինք, որ կոնկրետ մեզ ինքը նման բան չի ասել, մարզպետը շարունակեց. «Հաշվետո՞ւ եմ քեզ, ասում ա մեզ չեք ասել։ Չհասկացա...»,- ու դրեց լսափողը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջեւ այս տարվա հուլիսին ստորագրվել էր համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն, որով համաձայնություն էր ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսաց լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ:
Իսկ ահա «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` նման ուսումնական հաստատություն «կարող է ստեղծվել բացառապես կառավարության որոշմամբ կամ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ` միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատություններում»:
Հատկանշական է, որ արձանագրության շուրջ բուռն քննարկումներ էին ծավալվել նաեւ Facebook սոցիալական ցանցում։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ այդ հարցի շուրջ զրույցում հայտարարել էր անձամբ ինքը՝ ԿԳ նախարարը, «աղմուկը, որը որոշ մարդիկ փորձում են բարձրացնել այս հարցի շուրջ, որեւէ իրավական հիմք չունի»:
«Որքանով ես տեղյակ եմ, արձանագրությունը ցանկությունների կուտակում է եւ միջազգային կրթական ծրագիրը Հայաստանում կարող է իրականացվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ոչ մի ուրիշ այլ կերպ։ Հետեւաբար ակնհայտ է նաեւ այն մարդկանց համար, որ այս արձանագրությունը չի կարող հիմք ծառայել նման միջազային կրթական ծրագիր իրականացնելու համար»,- նկատել էր ԿԳ նախարարը։



























