Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում  4 տասնյակից ավելի ընտանիքներ տուն չունեն ու 23 տարի ապրում են ժամանակավոր կացարաններում: 250 տնտեսություն ունեցող համայնքում անօթեւանությունը հիմնախնդիր է արդեն 23 տարի:

43 ընտանիք երկրաշարժին տուն են կորցրել ու բնակարանի է սպասում: Գյուղի անօթեւաններին սակայն ոչ մի հուսադրող պատասխան պետական եւ ոչ մի կառույցից չեն տալիս, թե ինչպե՞ս եւ երբ է լուծվելու  Ջաջուռի հիմնախնդիրը: Գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Հայկ Ռաֆայելյանի խոսքով՝ ամեն տարի հաշվառում են գյուղի անօթեւաններին, թիվը ներկայացնում քաղաքաշինության նախարարություն, եւ այդքանը միայն:

Հիմնախնդրի լուծման ուղղությամբ այլ քայլեր չեն ձեռնարկվում: Տնակային պայմաններում 23 տարի գործում է նաեւ Ջաջուռի գյուղապետարանը: «Ինչպես անօթեւանները այնպես էլ գյուղապետարանի աշխատակիցները, արդեն 23 տարի սպասում են ու աշխատում տնակային պայմաններում»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայկ Ռաֆայելյանը:

Շուրջ 40 անօթեւան ընտանիքներից թերեւս ամենասարսափելի պայմաններում Խուրշուդյանների 6 անձից բաղկացած ընտանիքն է ապրում: «Երկրաշարժին 3 սենյականոց բնակարան ենք կորցրել: Սկզբնական շրջանում ուղղակի հարմարվել էինք տնակային այս պայմաններին, հիմա երբ երեխաները մեծացել են ու տնակի առաստաղն էլ, հատակն էլ փլվում է, ժամանակավոր այս կացարանում ապրելն ուղղակի անհնար է դարձել»,-դժգոհել է տանտիկինը: