Թերթը գրում է, որ գործարար Սամվել Մայրապետյանի գործերն այդքան էլ լավ չեն: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով որոշել է վաճառել «Տոյոտայի» իր բաժնեմասը: «Բանն այն է, որ Սամվել Մայրապետյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաեւ քավոր-սանիկային հարաբերություններ ունի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ հիմա «ճռռում» է վարկերի տակ: Ինչպես հայտնի է, Մայրապետյանը` Քոչարյանի եւ Գեւորգյանի հովանավորությամբ, զբաղված է էլտար շինարարությամբ:
Շինարարության համար վերցված վարկերի մարման ժամանակն արդեն վրա է հասել, իսկ նրա կառուցած շենքերը դեռեւս չեն վաճառվել. դրանք շարունակում են որպես գրավ մնալ բանկերի ենթակայության տակ: Կամ Մայրապետյանը պետք է մարի վարկն ու շենքերը գրավադրումից « ազատի», կամ էլ բանկերը ստիպված կլինեն «իրենցով անել» այդ շենքերը: Ուստի գործարարը որոշել է իր որոշ բիզնեսները վաճառքի հանել եւ դրանցից ստացված գումարներով փակել վարկերը», - գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:



























