Դեկտեմբերի 1-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը մեկնարկեց ԶԼՄ-ների հասցեին հերթական քննադատությամբ:
Պատճառը հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հերթական խիստ անզուսպ հարձակումն էր «Ժողովուրդ» օրաթերթի հասցեին, որը նյութ էր հրապարակել այն մասին, որ Քոչարյանը «սեւ ցուցակներ» է ձեւավորում եւ ինտրիգներ հյուսում իր կուսակիցների դեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցներում։ Այս հարցում, ըստ լրատվամիջոցի, նրան օգնում են պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Նյութում հրապարակման հեղինակները հղում են կատարել սեփական աղբյուրներին։
Կտրականապես հերքելով «սեւ ցուցակների» կազմման մասին տեղեկությունները՝ Քոչարյանը նիստին ներկա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին կոչ արեց զբաղվել թերթի «գարշահոտ աղբյուրներով», որոնք «կարող են գաղտնալսել վարչապետի հետ անձնական զրույցները»։
«Դա նշանակում է, որ երկիրը վտանգի տակ է։ Չէ՞ որ կան աղբյուրներ, որոնք կարող են իրենց համար հասանելիություն ապահովել վարչապետի հետ անձնական հանդիպումների բովանդակությանը։ Կոչ եմ անում «Ժողովուրդ» օրաթերթի սեփականատիրոջը այսուհետ զերծ մնալ նման ցածրորակ գրառումներից»,-ասաց պատգամավորը։
Նիստին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անտարբեր չմնաց եւ գործընկերներին կոչ արեց այսուհետ զերծ մնալ լրատվամիջոցների հասցեին վիրավորանքներից:
«ԶԼՄ-ները չպետք է թիրախ դառնան։ Հրապարակումը կարող է լինել որակյալ եւ ոչ այնքան, սակայն ԶԼՄ-ները թիրախ դարձնելն անթույլատրելի է»,-ասաց Մանուկյանը։
Քոչարյանը գործընկերոջ դիտողությունը չընդունեց՝ հայտարարելով, որ ընդամենը զգուշացում է արել թերթի սեփականատիրոջը։
Այստեղ գործին միջամտեց վերոնշյալ հրապարակման մեկ այլ բացասական հերոս ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։ Նա Մանուկյանին խորհուրդ տվեց նման կոչ անել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը, նրա խոսքով, խուսափում է իշխանամետ Civic գործակալության հարցերից։
Այնուամենայնիվ, կարճատեւ լեզվակռվից հետո կրքերը հանդարտվեցին։





























