«Խոսքի իրավունք» ՀԿ-ն հայտարարություն է տարածել կապված երեկ` սեպտեմբերի 6-ին ինտերնետում տարածված խելագարության հասցված զինվորի մասին սահմռկեցուցիչ տեսանյութի հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Պաշտպանության նախարարությունը մի դիրքորոշում ընդունեց, համաձայն որի ինքն, իբր, կատարվածի մասին տեղեկացել է այդ տեսանյութից:

Մինչդեռ Ասկերանի զորամասի հրամանատարը պարտավոր էր այդ դեպքը ներկայացնել ռազմական ոստիկանությանը։ Վերջինս այդ մասին պիտի հաղորդում ներկայացներ ՊՆ-ի քննչական վարչություն եւ զինվորական դատախազություն: Հասկանալի է, որ այդ դեպքը փորձել են կոծկել եւ «Չենք լռելու» նախաձեռնության կողմից տեսանյութի տարածումից հետո ստիպված են եղել արագ ծառայողական քննություն սկսել ու հայտարարել, որ քրեական գործ է հարուցվել:

Ավելին, պաշտպանության նախարարությունը տեղյակ է եղել Ասկերանի զորամասում ծառայող Հովհաննես Վարդանյանի խելագարության մասին Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության կողմից օգոստոսի 31-ին ՀՀ Պաշտպանության նախարարին հղած դիմումից, որում անդրադարձ է կատարվել Հովհաննես Վարդանյանի դեպքին:

Դրանից բացի, «Խոսքի իրավունքը» գտնում է, որ եթե Հովհաննեսը հոգեկան անառողջ վիճակ ունեցել է ավելի վաղ` նախքան բանակ գնալը, ապա դա պարտավոր էր բացահայտել զինվորական հանձնաժողովը: Ժառանգականությունը հենց այնպես չէր կարող գլուխ բարձրանալ բանակում:

Այս ամենից հետո ՊՆ-ն ձեւ է բռնել, թե, իբր, տեղյակ չէր Վարդանյանի դեպքի մասին: Սա եւս մեկ ապացույցն է, որ Հայկական բանակը առողջացման կարիք ունի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր «Չենք լռելու» նախաձեռնությունը հաղորդագրություն-տեսանյութ էր տարածել, որում զինվորի հայրը պատմում է իր որդուն բանակում խոշտանգելու մասին, որի հետեւանքով զինվորը խելագարվել էր: Հոր խոսքով, իր որդին առողջ է եղել բանակ զորակոչվելիս: Ինքը` խելագարված Հովհաննես Վարդանյանը նշում է, որ իրենց ծեծել են եւ ցանկացել են բռնաբարել: