«Արաբո» ջոկատի տղաներն անհայտ կորած չեն, հաստատված փաստ է, որ նրանք զոհված են։ Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Մենք նույնիսկ տեսագրություններ ունենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ թեպետ հայկական կողմից նախաձեռնություն է եղել Ադրբեջանից Հայաստան տեղափոխել զոհվածների աճյունները եւ դրանք փոխանակել այստեղ եղած ադրբեջանական աճյունների հետ, սակայն ադրբեջանական կողմը մերժել են։ «Չտվեցին ու չպատճառաբենցին, թե ինչու»,- նկատեց Եղիազարյանը։

Նա նաեւ տեղեկացրեց ջոկատի տղաների մարմինները գտնվում են Մարտակերտի շրջանի Հասան Ղայա եւ Ջրաբերդ գյուղերի մեջտեղում։
Եղիազարյանի խոսքով, 1992 թվականի հունիսի 29-ի մարտական գործողությունների մասին փաստագրական ֆիլմ է պատրաստվում, որը կցուցադրվի։

Նշենք, որ շրջափակման  մեջ ընկած «Արաբո» ջոկատի 79 անդամներ կորել են 1992 թ. հունիսին՝ Ղարաբաղի Հասան Ղայա գյուղի մոտ ընթացող մարտերում (այդ գյուղն այժմ չեզոք գոտում է):