Լատվիայում երկնաքար ընկնելու մասին լուրերը կատակ են եղել։ «Երկնաքարի» ընկնելը կազմակերպելը խոստովանել է Tele2 բջջային կապի օպերատորն այն բանից հետո, երբ երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ դրա պատասխանատուները կպատժվեն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, կիրակի երեկոյան լատվիական էլեկտրոնային ԶԼՄ-ները հայտնել էին, որ անկման արդյունքում 20մ լայնությամբ եւ 10մ խորությամբ փոս է առաջացել։ Չնայած նրան, որ երկնաքարն ընկել է բնակելի տնից ոչ հեռու, մարդիկ չեն տուժել։ Դեպքի վայր են ժամանել Լատվիայի փրկարար եւ Ճառագայթաբանության պետական կենտրոնի ծառայությունները, զինված ուժերի ներկայացուցիչներ։ Ավելի ուշ ինտերնետում սիրողական տեսագրություն էր հայտնվել, որտեղ դեպքի վայրում բոցավառվող հրե օղակ էր պատկերված։ Անկման վայրը միանգամից դարձել էր զբոսաշրջության համար գրավիչ տարածք,եւ մարդիկ գալիս էին ամբողջ Լատվիայից գալիս էին Մազսալաց։

Telegraf.lv նշում է, որ տոմսերի վաճառքով զբաղվել է Լարիսա Գերասիմովնան, ով Մազսալացյան դումայի զարգացման կոմիտեի նախագահն է եւ աշխատում է ֆինանսական կոմիտեում։ Քանի որ հողը, ուր մարդիկ գալիս են «երկնաքարը» տեսնելու համար, նրան է պատկանում, կինը որոշել է մեկ տարվա մուտքի համար 2 դոլար պահանջել։

Սենսացիան բացահայտել են աստղագետները, իսկ ոստիկանությունը մտադիր է ծառայությունների կատարած աշխատանքների համար սենսացիայի հեղինակներին հաշիվ ներկայացնել։ Ինչպես հայտարարել է Լատվիայի ներքին գործերի նախարար Լինդա Մուրնիեցեն, ոստիկանությունն այս առիթով քրեական գործ կհարուցի։ «Այդ մարդիկ պետք է պատժվեն։ Ես կարծում եմ, որ նրանք պետք է վճարեն բոլոր հատուկ ծառայությունների կատարած աշխատանքների համար։ Դա մեծ գումար է։ Այդպիսի կատակների համար պետք պատասխան տալ»,- հայտարարել է նա։ Նրա հայտարարությանը հետեւել է խոստովանությունը։ Լատվիական Tele2 բջջային կապի օպերատորի մարկետինգի գծով տնօրեն Յանիս Սպրոգիսը LETA գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ այդ բանը կազմակերպվել է բջջային կապի օպերատորի աջակցությամբ։ Նա ասել է, որ ակցիայի նպատակը «լատվիական հասարակությանը ոգեւորելն է» եղել, ինչպես նաեւ Լատվիայի հանդեպ հետաքրքություն հարուցելը, որպեսզի «նրա մասին խոսեն աշխարհում»։ Սպրոգիսը խոստացել է, որ Tele2-ը հասցրած վնասի համար պետությանը 4 հազար դոլարի չափով փոխհատուցում կվճարի։