Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի հավաքականի հետ: Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ Էթյեն Բաքրոյի նկատմամբ, իսկ Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի խաղացին Լորան Ֆրեսինեի եւՍեբաստիեն Ֆելլերի հետ խաղերում։ Միայն Գաբրիել Սարգսյանը պարտվեց Ռոման Էդուարին։

5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը Ֆրանսիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Հունգարիայի հավաքականների հետ բաժանում է 4-10-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ադրբեջանի ընտրանին, իսկ 2-3-րդ տեղերն իրար մեջ կիսում են Ռուսաստանն ու Վրաստանը:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի թիմը հանդիպելու է Իսպանիայի հավաքականի հետ:

Ի դեպ, ոչ-ոքի է խաղացել նաեւ Հայաստանի կանանց հավաքականը՝ Ադրբեջանի հետ մրցավեճում: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Զեյնաբ Մամեդյարովայի, Լիլիթ Մկրտչյանը՝ նարմին Կազմիովայի, Նելլի Աղինյանը՝ Թուրքան Մամեդյարովայի, Սիրանույշ Անդրիասյանը՝ Խայալա Իսգանդարովայի հետ:

5-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը Ռումինիայի եւ Ֆրանսիայի հետ կիսում է 5-7-րդ տեղերը, իսկ առաջատարը Վրաստանի հավաքականն է: