Մենք արդեն տեղեկացրել էինք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ԼՂ հակամարտության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է, որ միջնորդները շարունակելու են աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Մադրիդյան փաստաթղթում ամրագրված կարգավորման Հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու գործում:

Երեկվա հայտարարության մեջ կրկին մանրամասնված է, թե ինչ սկզբունքների մասին է խոսքը: «Հիմնարար սկզբունքները արտացոլում են բանական փոխզիջում` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված Ուժի չկիրառման, Տարածքային ամբողջականության, Մարդկանց իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների վրա:

Սպիտակ տան պաշտոնական կայքէջի համաձայն, հիմնարար սկզբունքները կոչ են անում, մասնավորապես.

- Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ;

- Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի;

- Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;

- Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով;

- Ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք;

- եւ անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:

Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս Հիմնարար սկզբունքների սատարումը թույլ կտա մշակել համապարփակ կարգավորման ծրագիր` ուղղված Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագայի ապահովմանը»,- ասված է հայտարարության մեջ: