Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը քր.գործ է հարուցել «Գորիս» ՔԿՀ պետ Արմեն Պետրոսյանի դեմ: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ուսումնասիրելով ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերը, ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը հոկտեմբերի 24-ին հարուցել է քրեական գործ՝ «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի կողմից 228.000 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար եւ ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի կողմից 190.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, ինչպես նաեւ «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձի դեպքի առթիվ։

ԱԱԾ-ի նախապատրաստած նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Իրանի քաղաքացի Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսիսյանը, վճարային կեղծ քարտեր պատրաստելու մեղադրանքով Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից գտնվելով միջազգային հետախուզման մեջ, 2009թ. օգոստոսի 26-ին Իրանից ժամանել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է եւ տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ։

Հերոս Ներսիսյանի վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձեւակերպման եւ նրան կալանքից ազատելու նպատակով հայրը՝ Բագրատ-Մասիհի Թեյմուրի Ներսիսյանը 2009թ. սեպտեմբերի 7-ին հանդիպել է դատախազ Լեռնիկ Խաչատրյանին, որի հետ համաձայնության է եկել 12.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց որդուն կալանքից ազատելու վերաբերյալ։
Ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանը Բագրատ Ներսիսյանին ուղարկել է «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի մոտ, որը Հերոս Ներսիսյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար որպես կաշառք պահանջել եւ ստացել է 228.000 դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար։ Իսկ Լեռնիկ Խաչատրյանի պահանջով, վերջինիս կողմից ուղարկած, դեռեւս չպարզված անձնավորության միջոցով Լեռնիկ Խաչատրյանին փոխանցել է 190.000 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, որից հետո Հերոս Ներսիսյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Հերոս Ներսիսյանը, 58 օր գտնվելով կալանքի տակ, 2009թ. հոկտեմբերի 22-ին ազատվել է կալանքից եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Կալանքից ազատվելուց հետո Հերոս Ներսիսյանն ու նրա հայրը 2009թ. հոկտեմբերի 23-ին հանդիպել են «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանին եւ պարտավորվել Լեռնիկ Խաչատրյանի հետ պայմանավորված հիշյալ 12.000 ԱՄՆ դոլար գումարից 6000 ԱՄՆ դոլարը Կարո Զադոյանին տալ որոշ ժամանակ անց։

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասի 2-րդ կետերի հատկանիշներով, քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը։