Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է, թե հոկտեմբերի 26-ին, Նիկոլ Փաշինյանի դատավարության ընթացքում Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը թույլ է տվել բռնարարքներ:

«Սադրանք կազմակերպելով՝ նրանք հարձակվել են հավաքված մարդկանց վրա, քաշքշել, ծեծել, ապա նրանց դուրս քշել դատարանի բակից: Ոստիկանություն են տարվել երկու երիտասարդներ՝ Սարգիս Խաչատրյանը եւ Սարգիս Գեւորգյանը, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել, իսկ ակտիվիստ կանանցից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնում են ՀԱԿ-ից եւ հավելում. «Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ոստիկանական վայրագությունները եւ հավաստիացնում, որ նմանօրինակ դեպքերը ամենեւին չեն ազդելու մեր վճռականության վրա, ընդհակառակը՝ բազմապատկելու են մեր շարքերը եւ ավելի հաստատակամ են դարձնելու մեր պայքարը ապօրինի վարչախմբի դեմ»: