Ադրբեջանի բանակում տիրող անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ զինվորական բժիշկները վախենում են, որ զինվորները կարող են իրենց սպանել:
«Զինվորների միջով 2 կիլոմետր ճանապարհ ենք անցնում: Ի՞նչ երաշխիք ունենք, որ զինվորներից մեկը մեզ չի գնդակահարի: Մեր տեղափոխվելուց 20 օր առաջ այդ զորամասում մի զինվոր էին սպանել: Եթե այստեղ նման հոգեբանական վիճակ է ստեղծվել, ապա ո՞վ է ապահովում մեր անվտանգությունը»,-իր անհանգստությունն է արտահայտել Գյանջա քաղաքի զինվորական հոսպիտալի բժիշկը ադրբեջանական Pia.az կայքին տված հարցազրույցում:
Կայքը հայտնում է, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքի ռազմական հոսպիտալը երեք ամիս է, ինչ տեղափոխվել է եւ գտնվում է Սադըլ ավանի զորամասերից մեկում: Աղբյուրը նշում է, որ հոսպիտալի գլխավոր բժիշկը նաեւ տեղեկացրել է, որ վերոնշյալ զորամասում հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել:
«Այստեղով կոյուղաջրեր են հոսում, աղբի միջով աշխատանքի ենք գնում: Հակահիգիենիկ վիճակ է: Նման պայմաններում հնարավո՞ր է խոսել զինվորների առողջության մասին: Պաշտոնյաներն ասում են, որ նոր հոսպիտալը 4-5 տարի հետո է կառուցվելու»,-ասել է բժիշկը:



























