Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը հայտնել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների հետ Եվրոպայի փոխգործակցությունը չպետք է «գործարքային» լինի, գրում է Reuters լրատվական գործակալությունը:
«Այն, ինչ մենք լսում ենք, հատկապես գերմանացիներից եւ մյուսներից, Պարսից ծոցի հետ հարաբերությունների վերսկսման մասին հուսադրող է, սակայն ես կցանկանայի զգուշացնել, որ դա չպետք է գործարքային լինի», - ասել է Անվար Գարգաշը:
«Կարծում եմ, որ այս ձեւակերպումը մասամբ պայմանավորված է սեփական շահերով՝ փորձելով գտնել գազի եւ նավթի նոր մատակարարներ: Մենք պետք է տեսնենք գործողություններ… այն պետք է լինի երկարաժամկետ եւ ռազմավարական», - ասել է նա:
Գարգաշը կրկնել է ավանդական արեւմտյան դաշնակիցների կողմից անվտանգության «հստակ» երաշխիքների կոչը, հատկապես իրանական անօդաչու թռչող սարքի սպառնալիքի վերաբերյալ, որի մասին Պարսից ծոցի երկրները վաղուց զգուշացրել են:
Միայն այն բանից հետո, երբ այդ զենքերը «հայտնվեցին ուկրաինական օպերացիաների թատրոնում», դրանք հայտնվեցին ուշադրության կենտրոնում, եւ «հանկարծ աշխարհը վերագտավ այս խնդիրը», - նշել է Գարգաշը:
Պարսից ծոցի երկրները երկար ժամանակ կոչ են անում համաշխարհային տերություններին փարատել իրենց մտահոգությունները Իրանի հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի ծրագրերի վերաբերյալ՝ որպես Իրանի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված ջանքերի մաս, որից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է բերել երկիրը 2018 թվականին:
«Սա հնարավորություն է բոլորիս համար՝ վերաիմաստավորելու ողջ հայեցակարգը»,- ասել է Գարգաշը՝ նկատի ունենալով Իրանի միջուկային համաձայնագիրը։
Նա նշել է, որ քաղաքականությունը պետք է «ավելի իրատեսական լինի, եթե ուզում ես արդյունքի հասնել»:




























