Միայն պետության խորհրդանիշները բավարար չեն անկախության համար. իրական անկախության համար պետականություն է անհրաժեշտ, որը, սակայն, այս 20 տարիների ընթացքում չենք կարողացել կայացնել։ Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ ավելացնելով, որ իսկական պետականությունն օրենքի գերկայությունը, մարդու ազատությունն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ երկրի բարեկեցությունն է։
Ենիգոմշյանի խոսքով, անկախության 20 տարիները լավ առիթ են առկա իրավիճակն ամփոփելու եւ գնահատականներ տալու համար։ «Իսկ իրականությունը հետեւյալն է. այսօր Հայաստանն ու Արցախը կախյալ վիճակում են՝ եւ քաղաքականապես եւ տնտեսապես։ Օրենք, ճիշտ է, Հայաստանում գոյություն ունի, սական այն կիրառվում է բացառապես սովորական մարդկանց նկատմամբ, բայց ոչ մի դեպքում՝ վերնախավի։ Հոգեկան եւ նյութական ընկճվածության արդյունքում հայ մարդը կորցրել է իր հպարտությունը, նրանից խլվել է իր արժանապատվությունը, հայ մարդը խեղվել է»,- նկատեց Ենիգոմշյանը։ Նրա խորին համոզմամբ, «ի՞նչ անկախության մասին կարող է լինել խոսքը», երբ բանակում ամեն օր սպանություններ են տեղի ունենում, երբ հայ մայրը սպանում է իր մանկահասակ երեխաներին, երբ մանկապիղծի արարքներն արդարացնում է վերջինիս զոհը դարձած երեխայի մայրը։ «Այս ամենը վկայությունն է նրա, որ մենք խեղված հասարակություն ենք եւ կանգնած ենք անդունդի եզրին»,- նկատեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը։
Ամփոփելով՝ Ալեք Ենիգոմշյանը նկատեց, որ վերջին 20 տարիների ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է ոչ թե անկախություն, այլ օտարում. հասարակության օտարում իշխանություններից, հասարակության անդամների օտարում մեկը մյուսից եւ հասարակության օտարում իր հայրենիքից։ «Սրա պատճառը մի խումբ մարդկանց ընչաքաղցությունն է, անընդհատ հարստություն կուտակելու մոլուցքը։ Սական մեր վիճակն անհուսալի չէ եւ «Սարդարապատը» հետամուտ է երկրում ստեղծված իրավիճակի շտկմանը»։



























