Հայաստանի անկախության 20 տարիների ամենամեծ ձեռքբերումները եղել են նրա՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելու փաստը, ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակն ու հայկական բանակը։ Սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։Նա, սակայն, ցավալի համարեց, որ արցախյան պատերազմում տարած հաղթանակի արժեքն այս տարիների ընթացքում նսեմացվել է։

«Մենք կորցրել ենք բոլոր թվարկված ձեռքբերումների նշանակությունը։ Հայաստանի՝ միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու փաստն իր նշանակությունից շատ-շատ բան է զիջել, հաղթանակը նսեմացվել է թեկուզ այն պատճառով, որ Հայաստանի՝ իրար հաջորդած երեք իշխանություններն անընդհատ պատրաստակամություն են հայտնել զիջել ազատագրված տարածքները։ Այդ պատրաստակամությունը հայ մարդու մեջ գնալով կոտրել է ոգեղեն լիցքը, որը նրան պարգեւել էր հողերի ազատագրումը։ Ազատագրված հողերը մենք թողել ենք լքյալ վիճակում, փոխանակ յուրացնելու եւ մեր հայրենիքի անբաժանելի մասը դարձնելու»,- մանրամասնեց բանախոսը։Ամփոփելով՝ Ալեք Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ «Սարդարապատ» շարժման մի քանի հիմնադրամներ աշխատանքներ են տանում ազատագրված տարածքները վերաբնակեցնելու ուղղությամբ։

«Մեր ծրագրերում այդ նպատակը գոյություն ունի, եւ աշխատանքներ են տարվում ֆինանասական միջոցներ ձեռք բերելու, ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագրեր իրականացնելու համար»,- ասաց նա։