Բանակը հասարակության հայելին է, հետեւաբար հասարակության ներսում առկա խնդիրներն արտացոլվում են նաեւ բանակում։ Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով հայկական բանակում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
«Հասարակության ներսում, հետեւաբար բանակում գոյություն ունեցող խնդիրների պատճառը երկրում տիրող իրավիճակն է եւ այդ համակարգը ծնող վերնախավը։ Եթե հասարակությունն աղճատված չլիներ, աղճատված չէր լինի նաեւ բանակում տիրող իրավիճակը։ Իսկ այժմ բանակում վերեւից եկող զոռբայություն ու կաշառակերություն է, բանակի ստորին օղակներում՝ անառողջ հարաբերություններ։
Բանակի ներսում առողջացման, աղբից մաքրվելու գործընթաց է անհրաժեշտ, իսկ դա հնարավոր է միայն համակարգի փոփոխության ճանապարհով»,- համոզմունք հայտնեց Ենիգոմշյանը՝ հավելելով, որ բանակում տեղի ունեցող միջադեպերը եւ բարոյական, եւ ուժային առումով սպառնալիք են հասարակության համար։
Ամփոփելով՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը տեղեկացրեց, որ իրենք լրջորեն պատրաստվում են բոլոր ոլորտները ներառող, պետականության կայացման հայեցակարգի մշակման։ «Իհարկե, միայն հայեցակարգն իշխանափոխություն իրականացնելու համար բավարար չէ։ Իշխանափոխությունը, որքան էլ շաբլոն արտահայտություն լինի, կատարվելու է ժողովրդի ուժերով։ Մենք ամբողջովին մերժում ենք ընտրությունների միջոցով իշխանափոխությունը, որովհետեւ յուրաքանչյուր ընտրությունից հետո դրանց արդյունքները կեղծելու նոր մեխանիզմներ են ստեղծվում եւ կատարելագործումլ։ Համոզված ենք, որ քաղաքացիական բնույթի շարժումների շնորհիվ հայ ժողովրդին հաջողվելու է իշխանափոխություն իրականացնել եւ հիմք դնել նոր, առողջ համակարգի»,- ասաց բանախոսը։



























