Իսրայելը փորձել է վերջ դնել բազմամյա բանավեճին իր ամենահայտնի լրտեսներից մեկի՝ Էլի Քոենի մասին, հայտարարելով, որ նրան բռնելն ու մահապատժի ենթարկելը Սիրիայում կապված են եղել հաջող հակահետախուզության, այլ ոչ թե նրա պրոֆեսիոնալիզմի պակասի հետ, տեղեկացրել է Reuters-ը։

Քոենը հրեա ներգաղթյալ էր Եգիպտոսից, նրան հավաքագրել էր «Մոսադը» եւ ուղարկել Դամասկոս, որտեղ նա գործել է 1961-1965թթ.։

Ձերբակալությունից առաջ նրան հաջողվել էր տեղեկություն փոխանցել, որը, ըստ Իսրայելի, կենսականորեն կարեւոր էր սիրիական զորքերի պարտության համար 1967թ. մերձավորարեւելյան պատերազմում։ Նրա պատմությունը Netflix-ի սերիալի նյութ է դարձել 2019թ.։

Քոենի հիշատակին նվիրված թանգարանը բացելով Հերցլիա ծովափնյա քաղաքում՝ «Մոսադի» տնօրեն Դեւիդ Բառնեան ասել է, որ վերջերս կատարված հետաքննությունը եկել է այն եզրակացության, որ լրտեսը բռնվել է «միայն այն պատճառով, որ նրա փոխանցած տեղեկությունները որսացել է հակառակորդը։ Պարզապես որսացել են եւ հետեւել»։

«Հիմա դա փաստ է»,- ասել է Բառնեան՝ հերքելով այն տեսությունը, թե Քոենը սիրիացիներին նախազգուշացրել է՝ չափից շատ հաղորդագրություններ ուղարկելով, գուցե իր կուրատորների ճնշմամբ։

Նոր թանգարանի ցուցանմուշների մեջ է Քոենի վերջին հեռագիրը՝ ուղարկված 1965թ. հունվարին, իրեն բռնելու օրը, որով տեղեկացնում էր սիրիական բարձր հրամանատարության խորհրդակցության մասին։ Լրտեսության մեջ մեղադրված Քոենը կախաղան է բարձրացվել Դամասկոսում նույն թվականին։

Սիրիան, որը դեռեւս պատերազմի մեջ է Իսրայելի հետ, հրաժարվել է հանձնել Քոենի մարմինը։