Նոր Զելանդիայի խորհրդարանը 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածներին ծխախոտային ապրանքների վաճառքն արգելելու մասին օրենք է ընդունել, երեքշաբթի հայտնել է RNZ ռադիոկայանը:

Նրա տվյալներով՝ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքը «Աոտեարոայի (Նոր Զելանդիա) կառավարության մինչեւ 2025 թվականը երկիրը չծխող դարձնելու նպատակին հասնելու եւս մեկ քայլ է»։

Հաղորդվում է, որ նոր օրենքը կրճատում է նիկոտինի թույլատրելի կոնցենտրացիան ծխախոտային ապրանքներում, կրճատում է ծխախոտ վաճառող կետերի թիվը, բացի այդ, 2009թ. հունվարի 1-ից հետո ծնվածներին ցմահ կարգելվի ծխախոտ գնել։

«Երկրում ծխախոտ վաճառող կետերի թիվը 10 անգամ կկրճատվի ներկայիս վեց հազարի համեմատ»,- Նոր Զելանդիայի առողջապահության փոխնախարար Աիշա Վերալի խոսքերն է մեջբերում ռադիոկայանը: Այսինքն՝ մինչեւ հաջորդ տարեվերջ երկրում ծխախոտային ապրանքների վաճառքի ընդամենը 600 կետ կմնա, պարզաբանել է նա։

RNZ-ի տվյալներով՝ Նոր Զելանդիայում այժմ օրական ծխում է չափահաս բնակչության միայն 8 տոկոսը, ինչը երկու անգամ քիչ է, քան 10 տարի առաջ: