Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 8-ին, հրամանագիր է ստորագրել Կարինե Ղազինյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Կարինե Ղազինյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն):
Կարինե Ղազինյանի կենսագրությունը
Ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երեւանում: 1977-ին սովորել է Երեւանի պետական համալսարան, բանասիրության ֆակուլտետ, ռոմանա-գերմանական բաժնում: 2010թ. հունիս-ին մասնակցել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոցի գործադիր կառավարման դասընթացներին:
Աշխատանքային գործունեությունը
1977-1981թթ. - ԽՍՀՄ դեսպանություն, Մոզամբիկ
1983-1988թթ. - ԽՍՀՄ դեսպանություն, Պորտուգալիա
1992-1994թթ. – Երեւանի պետական համալսարան, իրավագիտության եւ բանասիրության ֆակուլտետներում անգլերեն լեզվի դասախոս
1997-1999թթ. - ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռումինիայում
1999-2001թթ. - ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռումինիայում
2001-2009թթ. - ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում
2009 թ. մարտից ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայանագրի գլխավոր բանակցող
2011 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան
Կարինե Ղազինյանի դիվանագիտական աստիճանը` Արտակարգ եւ լիազոր դեսպան:
Շքանշաններ
Մխիթար Գոշ շքանշան, Մեծ Խաչի ռումինական ազգային շքանշան:
Օտար լեզուներ` անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն
Այրի է, ունի որդի եւ դուստր:




























