Գերմանիան նախատեսում է արձագանքել բնապահպանական սուբսիդիաների վերաբերյալ ԱՄՆ-ի նախաձեռնությանը` պարզեցնելով Եվրամիության գոյություն ունեցող միջոցների բաշխումը եւ մեծացնելով խթանները ազգային մակարդակում, մերժելով երկրների, այդ թվում Ֆրանսիայի ավելի ագրեսիվ միջոցների կոչերը, գրում է Bloomberg-ը:

Գերմանական կառավարության նոր առաջարկը արձագանք է նախագահ Ջո Բայդենի կլիմայի վերաբերյալ 369 միլիարդ դոլար արժողությամբ օրինագծին, որը կոչվում է Գնաճի նվազեցման մասին օրենք, որը, աղբյուրների խոսքով, անարդար սուբսիդիաներ է տրամադրում ամերիկյան արտադրողներին:

Կանցլեր Օլաֆ Շոլցը եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը սուբսիդավորման համաեվրոպական ծրագրի հրատապ անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ գոյություն ունեցող ծրագրերում դեռ կան միլիարդավոր եվրոյի չօգտագործված միջոցներ: Նրանք նաեւ դեմ են պրոտեկցիոնիստական դրույթների ներդրմանը, որոնք արտադրողներին պարտավորեցնում են օգտագործել եվրոպական արտադրանքը, քանի որ դա կխաթարի ԵՄ ազատ առեւտրի ծրագիրը:

Գերմանիայի նոր ծրագիրը կարող է նյարդայնացնել այն երկրներին, որոնք ձգտում են ավելի խիստ պատասխան միջոցների ԵՄ-ի ամբողջ մասշտաբով, քանի որ ոչ բոլոր երկրներն ունեն իրենց հայրենական ընկերություններին աջակցելու նույն ֆինանսական հնարավորությունները: Գերմանիան նախատեսում է ավելի քան 10 միլիարդ եվրո ծախսել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների անցնող ընկերություններում ներդրումներ կատարելու համար, նշում են աղբյուրները։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հավանություն է տվել պետական օգնության կանոնների վերանայմանը եւ մաքուր տեխնոլոգիաներում ներդրումների եվրոպական հիմնադրամի ստեղծմանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկար ժամանակ պնդում է, որ, այսպես կոչված, «Գնելով եվրոպականը» օրենք լինի, որոնց համաձայն հանրային մրցութային առաջարկներն ու սուբսիդիաները կմնան մայրցամաքի արտադրողներին:

ԱՄՆ-ի նոր օրենքը կսուբսիդավորի հյուսիսամերիկյան ընկերություններին, այդ թվում՝ էլեկտրամոբիլներ արտադրողներին: Ֆրանսիայի ֆինանսների նախարարը Վաշինգտոնին մեղադրել է «չինական ոճի» արդյունաբերական քաղաքականություն վարելու մեջ, որը խտրականություն է դրսեւորում ոչ ամերիկյան ընկերությունների նկատմամբ, իսկ ԵՄ-ն հայտարարել է, որ կարող է օրենքի առնչությամբ ԱՄՆ-ի դեմ բողոք ներկայացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն:

Շոլցը եւ Հաբեկը ուզում են վերսկսել ԵՄ-ի եւ Վաշինգտոնի միջեւ ազատ առեւտրի բանակցությունները՝ նպատակ ունենալով հասնել արդյունաբերական սակագների համաձայնագրի կամ անմաքս տնտեսական գոտու այն տեխնոլոգիաների համար, որոնք նպաստում են «կանաչ փոխակերպմանը»:

Գերմանիայի կառավարությունը հուսով է, որ դա ԱՄՆ-ի համար կհեշտացնի Գնաճի նվազեցման մասին օրենքից Եվրոպային նմանատիպ բացառությունների տրամադրումը, ինչպես արվել է Կանադայի եւ Մեքսիկայի համար, քանի որ այդ բացառությունները կապված են ազատ առեւտրի համաձայնագրի հետ: Բայդենն այս ամսվա սկզբին ասել էր, որ տեսնում է օրենքը հարմարեցնելու հնարավորություն՝ «եվրոպական երկրների մասնակցությունը հեշտացնելու համար», սակայն նա չէր մանրամասնել իր խոսքերը։