Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատներին է այսօր` սեպտեմբերի 8-ին, հանդիպել պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Երբ երթի մասնակիցները երթով  հասել են նախագահականի դիմաց  ու վրդովված վանկարկել իրենց պահանջներն ու բողոքը, անակնկալ հայտնվել է Գասպարյանը: Զոհված զինվորների մայրերի կարծիքով, փոխնախարարը նախագահական էր եկել զանգ ստանալուց հետո, երբ իրավիճակը թեժացել էր:

Գասպարյանը  զինծառայողների մայրերի բողոքները լսելուց հետ, նրանց հրավիրել է նախարարություն`  քննարկելու բոլոր բարձրաձայնված հարցերը` կատակելով, թե «թող մեկ անգամ էլ ես ձեզ խաբեմ»: Ապա  հավաստիացրել է, որ բանակում անհամեմատ նվազել են սպանության դեպքերը. «Որպես պաշտոնյա, բարոյապես պատասխանատվություն եմ  կրում յուրաքանչյուր սպանության համար, բայց ամենայն  պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բանակում սպանության դեպքերը անհամեմատ պակասել են ի հակսություն  այն պնդումներին, թե ամեն օր սեւազգեստ մայրերի թիվն ավելանում է»:

Որպես համակարգի պատասխանատուներից` վստահեցրել է, որ Ղարաբաղում ամենալավ պատրաստված զորմասերն են, լինում են ընդամենը ակնթարթային սպանություններ դիրքերում: Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ռազմական ոստիկանության պետ Արա Տեր-Սահակյանը: Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ նախագահականի մոտից մոտ 15 հոգի Վովա Գասպարյանի ու Արա Տեր-Սահակյանի հետ մեկնել են Գասպարյանի աշխաատասենյակ, որտեղ էլ տեղի է ունեցել քննարկումը: Ինչպես մեզ հաղորդեցին ներկաներից, քննարկումը բավականին թեժ է անցել, ծնողները հեռացել են բավարարված: