Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 14–ին, արտահերթ նիստ կգումարի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ։ Այս մասին ԱԺ–ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների հարցով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Արտահերթ նիստը կկայանա երեւի 13։00-13։30-ի կողմերը»,– ասաց նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Երկու օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Դեկտեմբերի 13–ին, Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին։

Արցախի տեղեկատվական շտաբից այսօր տեղեկացրել են, որ Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:

Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ տեղեկացրել է հրատապ գործողությունների մասին:


1.    Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև:
2.    Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։
3.    ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։