«Խոսքի իրավունք» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ «Հրապարակ» թերթի դեմ գործով դատավորի որոշումը` այդ թերթին հրապարակումներով հանդես գալու իրավունքից զրկելն անօրինական է:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր մամուլում ընթերցելով «Հրապարակ» թերթի գույքը կալանքի ենթարկելու եւ դատական գործընթացի մասին հրապարակումների արգելքի դատավճիռը, չենք կարող լռել եւ չարտահայտել մեր խորը զայրույթը լրագրողների իրավունքի այս աննախադեպ եւ կոպտագույն խախտման վերաբերյալ: Եվս մեկ անգամ խախտվեց ոչ միայն  լրագրողի իրավունքը, այլ նաեւ մեր սրբություն սրբոցը` ՀՀ մայր օրենք Սահմանադրությունը:

«Խոսքի իրավունք» միավորումը ծանոթացավ նաեւ համեստ բնորոշումով ՀՀ քաղաքացի Մեսրոպ Հարությունյանի բաց նամակը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: «Խոսքի իրավունք»-ը միանում է պրն. Հարությունյանի այս պնդմանը որ, իբրեւ հայցի ապահովման միջոց գույքի վրա կալանք դնելը դեռ ինչ-որ տեղ կարելի հասկանալ, սակայն հրապարակումներով հանդես գալու արգելանքը խոսքի ազատության աղաղակող ոտնահարում է:

Դատավորն այդ որոշմամբ խախտել է ՀՀ Սահմանադրությունը: խոսքի ազատությունը ամրագրված է Սահմանադրության 27-րդ հոդվածում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։ Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։( Մ.Հ )

Մեր կազմակերպության աշխատանքներին բազմաթիվ իրավաբաններ եւ լրագրողներ են մասնակցում, որոնք լիահույս են,որ պրն. Հրայր Թովմասյանի գնահատականը համարժեք կլինի»: