Ուկրաինայում պատերազմի սկսվելուց մոտ տասը ամիս անց Ջո Բայդենի վարչակազմն ակտիվացնում է դիվանագիտական ջանքերը, որպեսզի երաշխավորի, որ անդրատլանտյան դաշինքը կհաղթահարի եվրոպական դաժան ձմեռը, գրում է Reuters-ը։
Վերջին շաբաթների ընթացքում վարչակազմը ամեն կերպ փորձել է կարգավորել գնաճը նվազեցնելու իր օրենքը, որպեսզի հանգստացնի եվրոպական կառավարություններին, որոնք իր աջակցության կարիք ունեն Ուկրաինայի հարցում, եւ ռուսական նավթի գինը սահմանափակելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել G7 երկրների հետ:
Նախագահ Ջո Բայդենը նաեւ կարճ ժամանակով թուլացրել է իր վճռական դիմադրությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին, ինչն ազդանշան է դարձել դաշնակիցների համար, որոնք անհամբեր պահանջում են բանակցությունների միջոցով դադարեցնել հակամարտությունը:
Ուկրաինայի պատերազմը նաեւ ֆոն է նախօրեին մեկնարկած ԱՄՆ-ի եւ Աֆրիկայի գագաթաժողովի համար, որը համախմբել է 49 աֆրիկյան երկրների ղեկավարներին, որոնցից շատերը հիասթափություն են հայտնել, որ պատերազմի համար անհրաժեշտ է տնտեսական գին վճարել:
Ռուսաստանին ընդդիմացող երկրների կոալիցիան՝ ՆԱՏՕ-ի անդամներից մինչեւ ԱՄՆ-ի դաշնակիցներ, ինչպիսիք են Ճապոնիան եւ Ավստրալիան, ցուցաբերել է տոկունություն՝ չնայած այն կանխատեսումներին, որ էներգակիրների գների աճը կարող է պառակտել այն: Սակայն այդ միասնական ճակատի պահպանումը պահանջում է դիվանագիտություն եւ փոխզիջում, ասում են ամերիկացի դիվանագետներն ու պաշտոնյաները, եւ, հավանաբար, ավելին է պահանջվում, քանի որ եվրոպական ձմեռը հանրության կողմից Ուկրաինային աջակցության փորձարկում կդառնա:
«(Այս ձմեռ) ուկրաինացիները կտուժեն, իսկ Ռուսաստանը կարող է այսուհետ եւս բարդացնել իրավիճակը»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը: «Եվրոպացիների համար կարող է գնալով ավելի դժվար դառնալ իրենց միասնությունը պահպանելը եւ Ուկրաինային զենքի, փողի եւ օգնության մատակարարումը շարունակելը»:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին կանխատեսել է, որ դաշնակիցները կպահպանեն միասնականությունը, բայց խոստովանել է, որ առջեւում դժվարություններ են սպասվում։ «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ ձմռան գալու եւ այն բանի հետ, թե ինչպես պարոն Պուտինը կոնկրետ կօգտագործի էներգիան որպես զենք, մեծ սթրես կլինի ոչ միայն Ուկրաինայում, այլեւ ողջ Եվրոպայում»,- ասել է նա:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պաշտոնյաները հանդիպել են Վաշինգտոնում, որպեսզի առեւտրային բանակցություններ վարեն Գնաճի նվազեցման օրենքի շուրջ, որը Բայդենի օրենսդրական կարեւոր ձեռքբերումն է 2022 թվականին: 430 միլիարդ դոլար արժողությամբ օրենքը հարուցել է եվրոպացի դաշնակիցների զայրույթը, որոնք ասում են, որ այն անարդարացիորեն սուբսիդավորում է ԱՄՆ արդյունաբերությունը Եվրոպայի հաշվին:
Դեմոկրատական կուսակցությունը օրենքը փոխելու քիչ ցանկություն ունի։ Բայց առեւտրային բանակցություններից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկումներում Բայդենն ասել է, որ օրինագիծը նախատեսված չէ բացառելու գործընկերներին, ովքեր բիզնես են անում Միացյալ Նահանգների հետ, եւ հնարավոր են «ճշգրտումներ»:
Վարչակազմը քիչ խոսել այն մասին, թե ինչպիսին կարող են լինել այդ փոփոխությունները, բայց իր ելույթում Բայդենն առաջարկել է «ազատ առեւտրի գործընկեր» տերմինի ավելի լայն մեկնաբանություն՝ ԵՄ-ին օրենքի որոշ սահմանափակումներից ազատելու համար:
Թեեւ տարաձայնությունները դեռեւս չեն վերացել, նման առանցքային հարցում փոխզիջման գնալու պատրաստակամությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները եւ նրա եվրոպացի դաշնակիցները գիտակցում են տարաձայնությունները մեղմելու անհրաժեշտությունը՝ Ուկրաինային արեւմտյան զենք եւ այլ աջակցություն տրամադրելու համար:
«Դա դժվար հավասարակշռություն է: Մի կողմից՝ Ուկրաինայի հարցում համերաշխության անհրաժեշտության բացարձակ ճանաչում կա, բայց մյուս կողմից՝ կան պետական քաղաքականության կարեւոր նպատակներ, որոնց Բայդենի վարչակազմը փորձում է հասնել ԱՄՆ-ում»,- ասել է Բրյուսելում Մարշալի գերմանական հիմնադրամի փոխնախագահ Յան Լեսլերը:
Եղել են նաեւ հաջողություններ։ Դրանք թվում են վերջերս G7-ի կոալիցիոն համաձայնագիրը՝ ռուսական ծովային հում նավթի գինը մեկ բարելի դիմաց 60 դոլար սահմանելու մասին՝ փոխզիջում, որը ձեռք է բերվել մի քանի ամսվա քննարկումներից հետո, որոնց նպատակը տարաձայնությունները հաղթահարելն էր այնպիսի երկրների միջեւ, ինչպիսին է Լեհաստանը, որը ցանկանում էր սահմանաչափը շատ ավելի ցածր սահմանել, եւ մյուսները, որոնց մտահոգում են էլեկտրաէներգիայի գների աճը։
ԱՄՆ-ը նաեւ տարածել է Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում իր դիրքորոշման փոփոխության մասին։ Մակրոնի հետ հանդիպումներից հետո, որը կողմ է արտահայտվել Պուտինի հետ ուղիղ բանակցություններին, Բայդենը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «պատրաստ կլինի խոսել պարոն Պուտինի հետ, եթե նա շահագրգռված լինի պատերազմին վերջ տալու ուղի գտնելով», հավելելով, որ Պուտինը «դեռ չի արել դա»:
Սպիտակ տունն արագ հետ է կանչել մեկնաբանությունները՝ նշելով, որ մտադիր չէ խոսել Պուտինի հետ, քանի որ բանակցությունները դեռ արդյունավետ չեն լինի, եւ որ «Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի» քննարկումներ չեն լինի։
Այդուհանդերձ, Բայդենի արտահայտությունները վկայում են Ռուսաստանի հետ բանակցություններում Ֆրանսիային ընդառաջ գնալու ԱՄՆ-ի ցանկության մասին՝ չառաջացնելով Ուկրաինայի եւ արեւելաեվրոպական դաշնակիցների օտարում, որոնք պնդում են, որ Ռուսաստանը պետք է պարտվի՝ նախքան որեւէ բանակցություն սկսելը:
«Այժմ մենք շատ բաներում համաձայն ենք ամերիկացիների հետ»,- ասել է ֆրանսիացի դիվանագետներից մեկը: «Նրանք աստիճանաբար անցան մեր դիրքորոշմանը, այն է՝ բաց պահել Ռուսաստանի հետ կապի ուղիները»։
Բայդենի խոսքերը արձագանք են գտել նաեւ այն երկրներում, որոնք իրենց թակարդում են զգում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ դիմակայության էպիկենտրոնում սեղմված են զգում եւ ձգտում են բանակցային ճանապարհով վերջ դնել հակամարտությանը:
Խնդիրները մնում են, այդ թվում՝ Հունգարիայի եւ Ուկրաինայի միջեւ վեճը, որի պատճառով Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի մասնակցությունը ՆԱՏՕ-ի որոշ հանդիպումներին: Իսկ ձմռան սկսվելուն եւ էներգակիրների գների բարձրացմանը զուգընթաց պատերազմը շուտափույթ դադարեցնելու կոչերը ավելի բարձր կհնչեն:





























