Ադրբեջանական Bakililar.AZ ռեսուրսը հանդես է եկել սենսացիոն նորությամբ, թե Լեոնարդո դա Վինչիի մայրը կարող էր ադրբեջանցի լինել։ Վկայակոչելով ոմն Լուի Բաֆֆ Պերիի, որը, ադրբեջանական աղբյուրի համաձայն, զբաղվում է մեծն Լեոնարդոյի կյանքի հետազոտմամբ, ռեսուրսը հաղորդում է, որ մեծ նկարչի մայրը ծնունդով ադրբեջանցի մահմեդական է եղել, եւ նրան որպես ստրկուհու բերել են Իտալիա։

Լուի Բաֆֆ Պերին այս տվյալները ներկայացրել է Կանադայի ազգային գրադարանում Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների կողմից կազմակերպված դասախոսության ժամանակ։ Դասախոսությունում ենթադրություն է արվում, որ արդեն Իտալիայում ապագա հանճարեղ նկարչի մայրը անվանակոչվել է Կատերինա։ Այնուհետեւ Bakililar.AZ-ը գրում է, որ այդ անունը առավել հաճախ էր շնորհվում Կոնստանդնուպոլսի (ներկայումս Ստամբուլ) շուկայի ստրկուհիներին։

«Պերիի „Լեոնարդո դա Վինչիի ու նրա մայր Կատերինայի արեւելյան գաղտնիքը“ դասախոսությունը, նրա ներկայացրած վկայությունները մեծ ավանդ են ներկայացնում աշխարհահռչակ նկարչի ծագման հետազոտման գործում։ Նյութերում ներկայացվում է նաեւ 1503 թվականով թվագրված նամակի կրկնօրինակը, որը Լեոնարդո դա Վինչին գրել է օսմանյան Բայազիդ Երկրորդ սուլթանին, եւ որն իրենից ներկայացնում է արաբական, օսմանյան ու պարսկական տառատեսակների խառնուրդ»,- գրում է աղբյուրը։

Հատկանշական է, որ Լուի Բաֆֆ Պերին, բացի այն, որ հանդիսանում է Լեոնարդո դա Վինչիի կյանքի հետազոտողը, համակարգում է նաեւ ադրբեջանական «Ալբերտի» մշակութային ընկերության հասարակայնության հետ կապերը, ինչպես նաեւ մասնակցում է Կանադայի թուրք հասարակության կյանքին։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ հանգամանքներով է բացատրվում այդ գիտնականի գիտական հետազոտությունների արդյունքը։ Գտնելով Լեոնարդոյի ադրբեջանական արմատները, Լուի Բաֆֆ Պերիին առավել բարդ խնդիր է սպասվում. այն է՝ ապացուցել, որ 15-րդ դարում ընդհանրապես գոյություն է ունեցել այնպիսի էթնոս, ինչպիսին է «ադրբեջանցին»՝ չխոսելով արդեն աշխարհագրական «Ադրբեջան» եզրույթի մասին։