Կառավարության մոտ մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա են կազմակերպել հանուն «Թռչկան» ջրվեժի փրկության:  Ջրվեժի գոյությունը վտանգված է, քանի որ այնտեղ  կառուցում են հերթական ՀԷԿ-ը: Կառավարության նիստից հետո բնապահպաներին հաջողվել է բռնացնել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին  եւ ուղղել մի շարք հարցեր:

Բնապահպանների այն հարցին, թե տեղյա՞կ է, որ տեղանքի էկոհամակարգը վտանգված է, պատասխանեց. «Իսկ ո՞վ ասեց, որ մենք տեղյակ չենք եղել, դուք հարցը բարձրացրել եք, առավել եւս մեզ օգնել եք, ինչքան շատ հարցեր բարձրացնեք, այնքան ավելի մեզ հեշտ կլինի, այնքան զգոն կլինենք նման հարցերով զբաղվելու»,-նշել է Հարությունյանը` խոստանալով, որ  մեկ անգամ եւս ստուգելու են փաստաթղթերը: Բնապահպանների դիտարկմանը, թե ինչպես կարող է շինարարություն սկսվել առանց փաստաթղթերի ստուգման, նախարարը պատասխանել է. «Իրենք շինարարությունը սկսում են ոչ թե իմ փաստաթղթերը ուսումնասիրելով, այլ համապատասխան ընթացակարգերով եւ շինթույլտվություններով, քանի որ հարցը բարձրացել է, մենք ուզում ենք հասկանալ արդյոք շեղվել են, թե ոչ: Ոչ մի ընթացակարգի խախտում կարծում եմ չկա, բայց փաստաթղթերը նայելուց հետո կկարողանանք ամբողջական պատկերը վեր հանել եւ նաեւ տեղեկատվություն ներկայացնել»:

Բնապահպանները հետաքրքրվել են նաեւ, թե արդյոք Բնապահպանության նախարարությունը տվե՞լ է դրական եզրակացություն այնտեղ ՀԷԿ կառուցելուն, ինչին նախարարն արձագանքել է. «Նախարարությունը տվել է  բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն եւ մենք պետք է տեսնենք` արդյոք այդ եզրակացությունից շեղվել են, թե` ոչ: Սխալ են իրականացրել, թե չէ, ինչը ինչին չի համապատասխանում»,-ասել է նախարարը: