Հայաստանի համար մեծ պատիվ է այս տարվա ընթացքում Լեհաստանի հետ համատեղ համանախագահել բոլոնյան գործընթացը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մասնակցել է Հայաստանի եւ Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում Երեւանում մեկնարկած «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացմանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի նպատակը բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության եւ մի շարք այլ հարցերի շուրջ տեսակետների ու կարծիքների փոխանակումն է: Համաժողովի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Բոլոնիայի գործընթացի շրջանակում Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի զարգացումները եւ ռազմավարական ծրագրերը:
Տիգրան Սարգսյանը կրկին խոսել է գիտելիքահեն տնտեսության մասին: «Գաղտնիք չէ, որ գիտելիքահեն հասարակություն կարելի է կառուցել՝ ունենալով ժամականակից համալսարաններ: Մեր այս տեսլականը համահունչ է այն զարգացումներին, որոնք այսօր տեղի են ունենում Եվրոպայում եւ համահունչ են բոլոնյան գործընթացի էությանը, սակայն բովանդակային առումով, մեր համալսարանները դեռեւս ունեն լրջագույն մարտահրավերներ, եւ առաջին հերթին խոսքը գնում է կրթության որակի մասին», - ասել է վարչապետը:ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ դրանց ուղիները:
«Բարձրագույն կրթական համակարգը ոչ միայն գիտելիքներ ստեղծող, այլեւ զարգացած, կիրթ քաղաքացիներ պատրաստող համակարգ է, ինչը կարեւոր է նաեւ պետականության հիմքերի ամրապնդման, յուրաքանչյուր քաղաքացու հաջողության եւ բարեկեցության տեսակետից: Այս առումով ՀՀ կառավարության ընդունած բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր ռազմավարությունը ենթադրում է երեք տարվա գործողությունների ծրագիր, որը կարեւոր է նաեւ կրթական ոլորտում մեր երկրի եվրաինտեգրման տեսակետից»,- ասել է նա:
Համաժողովին մասնակցել են նաեւ Լիտվայի կրթության եւ գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսը, բուհերի ռեկտորներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:


























