Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մեկնաբանելով Թուրքիայի որոշումը` ազգային փոքրամասնություններից բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու մասին:
«Այդ որոշումն, անկասկած, ջանքերի արդյունք , որը Դուք գործադրել եք, որպեսզի առաջ անցնեք Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, ԱՄՆ Կոնգրեսի հարցումներից եւ Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնության իրավունքները ոտնահարելու դեմ դատական հայցերից»,- ասված է նամակում, որը հրապարակել է «The Armenian Weekly»-ն:
Նամակում Արամ Ա-ն Թուրքիայի կառավարության որոշումն անվանում է «անարդար եւ ոչ լիարժեք»: «Մեծի Տանն Կիլիկիո Մայր աթոռը մնում է հայ ժողովրդին պատկանող բազմաթիվ եկեղեցիների, հիվանդանոցների, ծերատների, մանկապարտեզների, գերեզմանոցների եւ այլ շինությունների օրինական սեփականատերը, որոնք 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ բռնագրավվել են Թուրքիայի կառավարության կողմից: Հայերը նախկինի պես օրինական սեփականատերերն են տների, ձեռնարկությունների, հողատարածքների, որոնք նրանց են ժառանգվել ցեղասպանությանը զոհ գնացած իրենց նախնիներից:
Ձեր որոշումը կարող է բավարարել ԵՄ պահանջները: Այդուհանդերձ, այն երբեք չի կարող համարվել արդարության վրա հիմնված որոշում: Պարոն վարչապետ, թեեւ որոշումը կայացվել է հանուն արդարության, սակայն Ձեր որոշումը կանխակալ է եւ ընտրովի: Ավելին, այն պարունակում է պատմության ժխտում եւ հերքում է ժողովրդավարական սկզբունքներն ու արժեքները: Պարոն վարչապետ, Ձեր հայտարարությունն այն մասին, որ Ձեր կառավարությունը պաշտպանում է արդարությունը եւ մարդու իրավունքները, իրական կլինեն այն ժամանակ, երբ դուք ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»,- ասված է կաթողիկոսի նամակում:




























