Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հանձնարարել է միջազգային ասպարեզում Թուրքիային հակազդելու միջոցներ մշակել, դրանց թվում՝ հայերին եւ քրդերին սատարելու միջոցով:

Ինչպես սեպտեմբերի 9-ին հայտնել է «Եդիոտ Ախրոնոտ» թերթը, այսպես կոչված «Լիբերմանի պլանի» մեջ, որն իր առջեւ նպատակ է դրել «պատժել Թուրքիային», մասնավորապես մտնում է «հայերի հետ համագործակցությունը»։ «Այս ամիս ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում սպասվում է Իսրայելի ԱԳ նախարարի հանդիպումը հայկական լոբբիի ղեկավարների հետ։ Սպասվում է նաեւ, որ նա վերջիններիս կառաջարկի թուրքերի դեմ պայքարել Կոնգրեսում։ Սա կարող է նշանակել Իսրայելի աջակցություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, որը Թուրքիայի համար ուժեղ հարված կլինի։ Բացի այդ, Իսրայելը կարող է հայերին սատարել Թուրքիայի հետ Արարատի վերահսկողության վերաբերյալ հակամարտության հարցում»,-գրում է թերթը, որի նյութը մեջբերում է IzRus պորտալը։

Այնուհետ, ինչպես հայտնում է թերթը, Լիբերմանի պլանի համաձայն՝ պետք է կապեր հաստատել քրդերի հետ։ «Լիբերմանը նախատեսում է բացահայտ կերպով հանդիպումներ նշանակել Եվրոպայում քրդական ընդհատակի ղեկավարների հետ»,- գրում է պարբերականը։

«Մենք կստիպենք Էրդողանին գին վճարել, որը նրան ցույց կտա, որ չարժե գործ ունենալ Իսրայելի հետ»,- Լիբերմանի խոսքերն է մեջբերում «Եդիոտ Ախրոնոտը»: