ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի նախագիծը Հայաստանի համար պոզիտիվ երանգներ է պարունակում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Փարիզում երեկ` սեպտեմբերի 8-ին կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին Հայաստանից մասնակցել են հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը:

 «Քանի որ հոկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվելու է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը զեկույցը, բնականաբար համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ջոն Պրեսկոտը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ներկայացրել են զեկույցի նախագիծը»,- նշել է Զոհրաբյանը եւ հավելել. «Կարծում եմ` այն բավական պոզիտիվ գնահատականներ է տալիս Հայաստանում կատարվող վերջին քաղաքական իրադարձություններին, մասնավորապես համաներումը, մարտի 1-ի գործով բոլոր անձանց ազատ արձակումը, իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը, իհարկե որոշակի մտահոգություններ մնում են 10 զոհերի մահվան հանգամանքների հետ կապված, բայց ընդհանուր առմամբ զեկույցի նախագծի տրամաբանությունը պոզիտիվ է, ինչպես ակնկալում էինք եւ ինչը դրական է»: