Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է Արցախում էթնիկ զտումներ անելու համար։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 20-ին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։

Դա է, նրա խոսքով, հիմնական նպատակը։ Գրիգորյանը հավաստիացրել է. Հայաստանն աշխատում է բոլոր գործընկերների հետ, որպեսզի հնարավորին չափ արագ բացի Լաչինի միջանցքը։ «Արցախահայերը չպետք է ենթարկվեն հումանիտար ճգնաժամի»,- ասել է պաշտոնյան։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան՝ անվտանգությունը Լաչինի միջանցքում պետք է ապահովեն ռուս խաղաղապահները։ «Երեւանն աշխատում է նաեւ Ռուսաստանի հետ, որպեսզի միջանցքը հնարավորին չափ արագ ապաշրջափակվի»,- ընդգծել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Արմեն Գրիգորյանն ուղիղ չի պատասխանել հարցին, թե արդյոք Հայաստանը մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։ «Դա ապացուցվում է ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Միայն անցած տարի Հայաստանն Արցախին է տրամադրել մոտ 200 մլրդ դրամ որպես ֆինանսական աջակցություն։ Դա թույլ է տալիս լուծել ոչ միայն սոցիալական խնդիրները, այլեւ անվտանգության հետ կապված հարցերը»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։