Լարսի անցակետում եղել են հերթեր, բայց այս ամսվա հունիսին մենք կարողացանք բավական մեծացնել Լարսի թողունակությունը, վերջերս էլ պայմանավորվածության երկրորդ կետը կատարվեց՝ ընդլայնվեց անցակետերի քանակը, ռենտգեն դարպաս դրվեց: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով, դրա արդյունքում Լարսով դեպի ՌԴ անցած մեքենաների քանակը մոտ 2 հազարով ավելի շատ է, քան Հայաստանից Վրաստան. «Կարելի է ասել, որ հիմա շատ փոքր հերթ կա այնտեղ, կարող է 1-2 օրվա հերթ լինել: Օրական հայկական բեռներով 300-ից ավելի մեքենա անցնում է դեպի Ռուսաստան, իսկ Հայաստանից դեպի Վրաստան անցնում է 200-250 մեքենա»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Վրաստանի տարածքում երեկվա դրությամբ 1000 մեքենա խցանման մեջ է դեռ, Քերոբյանը չհամաձայնեց՝ նշելով, որ կարող է լինել առավելագույնը 500 մեքենա եւ այդ հերթը մաշվում է:
Նախարարը խոստովանեց, որ տնտեսվարողները իսկապես շատ մեծ կորուստներ են կրել. «Բայց հմարյա բոլոր տեսակի ապրանքների համար եթե ինչ-որ մի պահի եղել են վնասնել, ինչ-որ պահի էլ եղել է գերշահույթ: Չի կարելի ասել, որ արտահանող ընկերությունները տարին վնասով են փակում: Միայն խնդիր կա ջերմոց ունեցող ընկերությունների համար, որոնց աջակցման ծրագիր մշակվել է»,-ասաց Քերոբյանը:





























